1 страница21 октября 2023, 21:38

I ՄԱՍ


Արյունոտ մատները վերցրել էր դանակը ու ինչ որ աղջկա շեկ մազերի վրա մաքրում էր այն։ Երկու զիվորական մի անկյունում ծիծաղում էին դիակներին նայելիս, որոնց քիչ առաջ սպանել էին, իսկ մյուս զինվորականը նստել էր ձիու վրա ու ստիպում էր ձիուն սմբակներով հարվածել ծեր դիակի անկենդան դեմքին։

Ապրիլի սկիզբ էր։ Ննջասենյակի պատշգամբի բաց դռնից, ծառերի կանաչած տերևները շտապում էին ներխուժել սենյակ։ Իսկ մի տերևը թեթև քամու օգնությամբ նույնիսկ հարվածեց դեմքիս։ Կիսաքնած աչքերս բացվեցին՝ հերթական մղձավանջից։ Տերևը հեռացնելով դեմքիցս ձգվեցի մահճակալիս մեջ։ Դուրսը հանգիստ էր, թեթև քամին դող մտցրեց մարմնումս ու որոշեցի փակել պատշգամբի դուռը։ Վեր կացա, մոտեցա պատշգամբին և նախքան փակելը՝ աչք գցեցի կառապանների վրա, որոնք անսանձ ձիերին փորձում էին կառավարել։ Հեռվից նկատեցի մանկությանս ընկերոջը, որը կարծես թե ինչ-որ տեղ էր շտապում, ուզում էի բղավել նրան, բայց հետո հասկացա՝ շտապում է ինձ մոտ։ Մի քանի րոպե անց, երբ աճապարանքով հագնվում էի, որպեսզի ընկերոջս կիսամերկ չդիմավորեմ, լսեցի դռան թակոց՝ Մարիան էր, ծեր կինը, տան տերը, ումից վարձակալել էի այս սենյակը։

- Բարի լույս պրն Ատոմ, - ի տարբերություն մնացած օրերի, այսօր Մարիայի ծեր դեմքը սովորականից հանգիստ էր, նույնիսկ թեթև ժպիտ նկատեցի, - ինչպե՞ս եք քնել։

- Մի փոքր անհանգիստ, - նստեցի Սաբանելի հայտնի «Ընկած հրեշտակի» գեղանկարի տակ։

- Կրկին մղձավանջ եք տեսե՞լ, - նա իսկապես անհանգստանո՞ւմ էր։

- Կարծես թե այո, բայց այս անգամ անկողնուցս չեմ ընկել,-Մարիան ծիծաղեց և սկսեց ուղղել անկողինս, այնուհետև հիշելով, թե ինչի համար էր եկել սենյակ ասաց․

- Պրն Դանիելը Ձեզ էր հարցնում, կարծես թե մի փոքր անհանգիստ էր, - սիրտս սկսեց արագ խփել, ես շատ լավ գիտեի՝ եթե Դանիելը անհանգիստ է, ուրեմն վատ լուրերով է եկել։

- Կանչեք, թող գա։ Մեզ կարո՞ղ եք սուրճ պատրաստել։

- Իհարկե։

Մարիան շտապեց դուրս գալ և րոպե չանցած ներս մտավ Դանիելը։ Նրա կապույտ աչքերը վախ և անհանգստություն էին հաղորդում, իսկ գանգուր շեկ մազերը սանրած ու խնամված չէին։ Դանիելը անխոս նստեց աթոռին ու մի պահ նրա դեմքն ու Սաբանելի գեղանկարի «հրեշտակի» դեմքը համեմատելով՝ հասկացա, որ շատ նման են իրար։ Ուղղակի Սաբանելի «հրեշտակի» աչքերը վրեժխնդիր ու խռովարար էր, ի տարբերություն Դանիելի աչքերի։

- Դանիե՞լ, - կանգնեցի նրա դիմաց, բայց նա կարծես թե չէր լսում ինձ։ Մտքերով հեռվում էր։ Դանիելի սպիտակ կիսաբաց օձիքից նկատվում էր սպիտակ մաշկը։ Ես հասկացա, որ նա ինչ –որ ժողովից է աճապարել ինձ մոտ։ Դանիելը հայ դիվանագետ էր և Ֆրանսիա էր ժամանել որոշ թուրք դիվանագետների հետ փոխհամաձայնությունների համար։ Որոշ տեղեկություններ նա ինձ չէր հաղորդել դեռևս և միգուցե կուտակված տեղեկությունների ճնշվածությունն էր ստիպել գալ ինձ մոտ։

- Փակիր դուռը,- ձայնը տագնապած էր։ Ես փակեցի դուռը ու նստեցի նրա դիմաց։ Նա անընդհատ շարժվում էր աթոռի վրա, բայց իմ համառ հայացքը նրա շարժումներին՝ ստիպեց հանգստանալ և խոսել։

- Քիչ առաջ ռեստորանից եկա։ Հանդիպում էր նշանակված Թ․ փաշայի հետ, - Դանիելը լռեց, փորձելով հիշել այն, ինչը իրեն ասվել է կամ ինչը որ տեսել է։

- Զոհրապն էլ էր հետս, - շարունակեց Դանիելը։

- Գրիգո՞րը, նովելի՞ստը, - Դանիելի մասնագիտական հաջողություններում շատ մեծ դեր է խաղացել նաև հայ դիվանագետ, նովելիստ Գրիգոր Զոհրապը, ումով միշտ հիացել և ոգեշնչվել եմ։ Դանիելը գլխով արեց և վեր կացավ տեղից։ Սկսեց սենյակում անհանգիստ ետ ու առաջ անել։

- Ես հասկանում եմ, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց գրո՜ղը տանի, մի՞թե այնքան շփոթված ես ու վախեցած, որ չես կարողանում բառ արտաբերել։

- Ատոմ , ամեն բան գրո՜ղի ծոցն է գնալու, լո՜ւրջ եմ ասում։ Ամեն բան ավելի վատ է , քան մենք պատկերացնում էինք։

- Ի՞նչ նկատի ունես, - Մարիան սկսեց դուռը թակել, ես բացեցի այն։ Նա ներս մտավ և սեղանին դրեց սուրճերն ու շաքարի կտորները։ Դանիելը, չգիտես ինչու, սկսեց նրան ատելությամբ նայել, և երբ Մարիան մոտեցավ դռանը, նա կանգնեցրեց նրան․

- Ո՜նց է սիրտդ գնացել լքելու երկիրդ ու հաստատվելու էստեղ, քո համար առո՜ք-փառո՜ք ապրում ես ուսանողների հաշվին, իսկ հայրենակիցներդ ո՜ւր որ է կոտորվելու շեմին են։

Մարիայի աչքերը զարմանքից չռվեցին։ Նա թուքը կուլ տվեց և անհասկանալի հայացք նետեց Դանիելի կողմը․

- Պաղդո՜ն․․․

- Գործերդ Ֆրանսիայում կարգավորել ես ու վայելո՜ւմ ես կյանքդ։ Փորդ կուշտ է, փողերդ էլ գրպանումդ։

- Չեմ հասկանում պրն Դանիել Ձեզ ինչն է անհանգստացնում այս պարագայում։

- Բոլորդ էլ կույր, խուլ ու համր եք ձևանում այն ժամանակ, երբ ամենաշատն եք պետք ձեր երկրին։

Մարիան փորձեց ինչ-որ բառ ասել, բայց ես հայացքով հասկացրեցի , որպեսզի դուրս գա սենյակից։ Դանիելը կրկին սկսեց անհանգիստ ետ ու առաջ անել, կարծես սիրտը չհանգստանար։

- Ինչպես նշեցի քիչ առաջ ռեստորանից եկա այստեղ։ Ես էինք, Թ․փաշան, Զոհրապը և էլի երկու թուրք դիվանագետներ։ Ես ու Զոհրապը խոսում էինք նրանից, որ պետք է համերաշխություն հաստատել տարածաշրջանում։ Մենք համոզիչ ու հիմնավորված փաստարկներ էինք ներկայացնում, մինչդեռ նրանք․․․

- Ի՞նչ․․․

- Նրանք հրճվանքով ու ծաղրանքով համոզում էին, որ տեղահանություններ իրականացնելու արդյունքում Արևմտյան Հայաստանի մի շարք մասերում կկանխեն «խեղճ» հայերի, ինչպես իրենք էին ասում, վատ կենսակերպը, որպեսզի ՝ «մեր բարեկամ հայերը չբախվեն տնտեսական խնդիրների հետ, հացի, ջրի կարիք չունենան»՝ ավելացրեցին նրանք։ Նրանք արդեն սկսել են այդ գործընթացը։

Տեղահանությունների տակ թաքնված էր մեկ այլ հասկացություն, որի մասին ես ու Դանիելը շատ լավ գիտեինք, բայց այդ մեկնարկը, որը արդեն իսկ տրված էր Թ․ փաշայի հրամանով սարսափելի էր ու չափազանց լուրջ։

- Ես ու Զոհրապը բերեցինք մի շարք հիմնավորումներ, որ մենք ռուս կայսրի հետ արդեն եկել ենք մի շարք փոխհամաձայնությունների և նրանք հոգալու են Արևմտյան Հայաստանում ապրող հայերի բոլոր հոգսերն ու կարիքները, բայց Թ․ փաշան միայն ծիծաղեց ու ոլորեց բեղերը։ Այդ ծիծաղը․․․Այդ լկտի ծիծաղի տակ թաքնված էր մի բան, ինչը դուրս է տրամաբանությունից։ Երբ դուրս եկանք ռեստորանից Զոհրապի դեմքը կարմրեց և նա սկսեց մաքրել ճակատի քրտինքը։ Հետո խորը շունչ քաշեց ու ասաց՝ «Սա մի խաղ է, որի մեջ թաթախված է ողջ հայությունը։ Մենք միանշանակ պարտվել ենք»։

Դանիելի վերջին բառերը խոցեցին իմ սիրտը այնքան, որ վեր ելա տեղիցս ու հենվեցի պատին՝ հայացքս հառելով պատշգամբից այն կողմ։ Ես մի կերպ հավաքեցի մտքերս ու համարձակվեցի տալ այնպիսի մի հարց, որի պատասխանը ակնհայտ գիտեի։

- Ի՞նչ է լինելու հետո․․․

Դանիելի կապույտ աչքերը չէին հեռանում Սաբանելի գեղանկարից։ Նրան անհրաժեշտ էր մի քանի րոպե, որպեսզի կարողանար տալ ակնհայտ հարցի ՝ պատասխանը։

- Արյունոտ մեկնարկը տրված է, իսկ ա՜յ թե ո՞նց է կանխվելու՝ Աստված գիտի։

Դանիելը մոտեցավ ինձ ու հուսադրող ժպտաց, հետո շշուկով ավելացրեց․

- Դու ավելի լավ է մնա Ֆրանսիայում։ Իսկ Մարիայից՝ կոպտելուս համար ներողություն կխնդրեմ։

Դանիելը դուրս եկավ սենյակից թողնելով ինձ մտքերիս հետ։ Աչքերիս առջև հայտնվեցին այն վայրերը, որտեղ ծնված օրվանից վազել եմ, վայելել մանկությունս։ Նույնիսկ զգացի դաշտերի զովությունը, այդ իրիկնային ժամերի հանգստությունն ո լռությունը, իսկ հետո․․․միանգամից հայտնվեց հայրենակիցներիս մասնատված մարմինների կույտերը, փոքրիկ սոված ու անպաշտպան մանուկների դիակները, ինչ որ տեղերում վառված հյուղակներն ու արյունոտ գետում լողացող շորերը։ Սրտխփոցս հիշեցրեց, որ ժամանակն է կտրվել այդ մղձավանջից։ Ես խորը շունչ քաշեցի ու դիմեցի դուրս։ 

1 страница21 октября 2023, 21:38